13 փետրվարի 2026 – 15:30 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի իր գործունեությունը երկրում։
«Մենք միշտ հրապարակային և ԵՄ գործընկերների հետ մասնավոր շփումներում նշել ենք, որ շատ բարձր ենք գնահատում Եվրամիության հետ մեր համագործակցությունը, շատ դրական ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ առաքելությունն իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից, նաև նպաստել է, որ սահմանային բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստի 7-րդ հոդվածին, որով սահմանվել է, որ կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայելու՝ Գրիգորյանը նշել է, որ նախ անհրաժեշտ է պայմանագրի ստորագրումն ու վավերացումը, որպեսզի համաձայնությունները ուժի մեջ մտնեն։
Նա հավելել է, որ պաշտոնական Երևանը հստակ դիրքորոշում է հայտնել առ այն, որ ցանկանում է առաքելության շարունակական ներկայությունը Հայաստանում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2022 թվականի հոկտեմբերին։ ԵՄ երկրների արտգործնախարարները 2023 թվականի դեկտեմբերի 11-ին որոշում են կայացրել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմը 50 տոկոսով ավելացնելու վերաբերյալ՝ այն 138 աշխատակցից հասցնելով 209-ի։
ԵՄ խորհուրդը հունվարի վերջին որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։