Այցը ցույց տվեց՝ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված լինել Հվ․ Կովկասում․ Պողոսյան

Այցը ցույց տվեց՝ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված լինել Հվ․ Կովկասում․ Պողոսյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով գտնվեց Հայաստանում, ապա մեկնեց Ադրբեջան։ Հայաստան այցի ընթացքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, անդրադարձ կատարվեց խաղաղության պայմանագրին և գերիների հարցին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է  «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, և ի՞նչ հետևություններ կարելի է անել։

-Այցը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված և հետաքրքրված լինել Հարավային Կովկասով։ Եվ 2025-ի օգոստոսից՝ վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից, անցել է 6 ամիս, սակայն հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը պահպանվում է։ Սա կարևոր է, քանի որ  այս պահի դրությամբ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կայունության ապահովման և Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի զսպման կարևոր գործոն է դառնում։ Հաջորդիվ, եթե Հայաստանի տեսակետից նայում ենք արդյունքները, ապա 2 բան՝ առաջին իրավական առումով Հայաստանի համար հնարավոր է դառնում օգտվել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներից, ու 3-րդ՝ որ բարձր տեխնոլոգիաները աստիճանաբար դառնում են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության կարևորագույն տարր, նկատի ունեմ այդ նոր պայմանավորվածությունները, հավելյալ NVIDIA առաջատար այդ չիպերի մատակարարման և Firebird Armenia արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի 2-րդ փուլի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ։ Իսկ Ադրբեջանի մասով տեսանք, որ ստորագրվեց ռազմավարական համագործակցության այդ հռչակագիրը, ինչ Հայաստանի հետ դեռ 2025 հունվարի սկզբին էր ստորագրվել դեռևս Բայդենի վարչակազմի հետ, և նաև, ըստ այդ հռչակագրի, ԱՄՆ-ն և Ադրբեջանը մի շարք ոլորտներում համատեղ աշխատանքային խմբեր են ստեղծելու, և  խնդիր է դրված, որ այդ աշխատանքային խմբերը առաջիկա 3 ամիսների ընթացքում պետք է յուրաքանչյուրը իր ոլորտի համար ներկայացնեն որոշակի ծրագրեր և դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ։

-Այս այցից և ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ի՞նչ կոնկրետ արձագանքներ կամ ճնշումներ կարող ենք ակնկալել տարածաշրջանի մյուս դերակատարներից։

-Ենթադրում եմ՝ նկատի ունեք Ռուսաստանին և Իրանին։ Կարծում եմ, երկուսն էլ առայժմ հետևում են և փորձում են հասկանալ, քանի որ որոշակի բաներ արդեն աստիճանաբար պարզվում են նույն TRIPP-ի կամ դրա գործարկման մոդելի շուրջ, սակայն մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը նախքան ինչ-որ քայլերի կամ նույնիսկ հայտարարությունների անցնելը, կփորձեն ավելի շատ և ավելի հստակ տեղեկություն ստանալ, ընդհանրապես, Հայաստանում ամերիկյան ներկայության, Հարավային Կովկասում ԱՄՆ ցանկությունների և, մասնավորապես, TRIPP-ի հետ կապված։ Օրինակ, մենք գիտենք, որ Ռուսաստանը ևս ցանկանում է մասնակցել այս նոր ատոմակայանի կառուցմանը և Հայաստանին փոխանցել առաջարկներ թե՛ մեծ՝ մինչև 1200 մեգավատ հզորության ռեակտորի կառուցման, թե՛ փոքր մոդուլյար ռեակտորների կառուցման, քանի որ նա ևս այս տեխնոլոգիաներին տիրապետում է։ Հետևաբար, ինձ թվում է, առայժմ Ռուսաստանը և Իրանը կշարունակեն հետևել, փորձելու ավելի լավ հասկանալ և դետալներ պարզել, ընդհանրապես ինչ է ենթադրում հայ-ամերիկյան համագործակցությունը և TRIPP-ը, բայց նրանց մոտ եղած մտահոգությունները դժվար թե նվազեն այցի արդյունքներով։ Այն մտահոգությունները, որոնք կային Ռուսաստանի և Իրանի՝ մինչև փոխնախագահի այցը, չեմ կարծում, որ այցից հետո մտահոգությունները կնվազեն։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment