12 փետրվարի 2026 – 14:17 AMT
PanARMENIAN.Net – ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագծի քննարկման ժամանակ ասել է,որ 135 տարի է ՀՅԴ-ին մերժում են, բայց այն կա, ինչը դուր չի գալիս թուրք-ադրբեջանական տանդեմին:
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է մերժելով և հերքելով վերանում, ճշմարտությունը մերժելով և հերքելով ամրանում է: Դա է պատճառը, որ 135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի Դաշնակցությունը կա: Այս ֆենոմենտը, իհարկե, դուր չի գալիս առաջին հերթին թուրք- ադրեբեջանական տանդեմին»։»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ռուստամյանը նշել է, որ ցանկանում է խոսք ուղղել ինչպես Հակոբ Հակոբյանին, այնպես էլ Հակոբ Մովսեսին՝ այլ բովանդակությամբ:
«Հակոբ Հակոբյանը ՔՊ-ի թեթև ձեռքով ծանր հրետանի է Դաշնակցության դեմ։ Այսինքն, դուք դարձել եք Դաշնակցության դեմ դատի մեղադրող կողմը։
Հակոբ ջան, դուք գիտեք, թե ինչ արդյունքի են հասել Դաշնակցությանը դատողները։ Այսօր արխիվացված են, կայսրությունններ են, որոնք չկան։
Դաշնակցության մեջ այնքան մեծեր կան։ Մի հատ մտածեք, թե ՔՊ կուսակցությունից ինչ անուններ են մնալու պատմության մեջ»,- ասել է Ռուստամյանը՝ դիմելով Հակոբ Հաոբյանին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1in.am » լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով, համարել է Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր, փոփոխման ենթակա։