Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը (NIS) կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է իր դստերը՝ Կիմ Չժու Էին նշանակել որպես ժառանգորդ՝ զգալիորեն բարձրացնելով նրա կարգավիճակը նախկինում գնահատված «ամենահավանական ժառանգորդ»-ից։ Այս մասին Սեուլի հետախուզությունը հայտնել է պատգամավորներին փակ դռների հետևում անցկացված ձևաչափով հանդիպման ժամանակ։
Ըստ NIS-ի՝ Կիմ Չժու Էի ներկայությունը շարունակաբար ընդգծվում է կարևոր միջոցառումներին, ինչպես վերջերս Կորեայի ժողովրդական բանակի օրվա արարողությունը կամ Կումսուսան արևի պալատ այցը, որտեղ հանգչում են Կիմ Իր Սենը և Կիմ Չեն Իրը։ Ավելին, նկատվել են նշաններ, որ աղջիկը կարծիք է հայտնում որոշ պետական քաղաքական ուղությունների վերաբերյալ։
Քիչ բան է հայտնի Կիմ Չժու Էի մասին, այդ թվում՝ նրա ճշգրիտ տարիքը (ենթադրվում է, որ դեռահաս է), սակայն նա առաջին անգամ հանրության առջև հայտնվել է 2022 թվականին՝ հայրիկի հետ միասին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ։ Այդ ժամանակվանից նա հաճախ է լուսանկարվում Կիմ Չեն Ընի կողքին՝ տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ հունվարին բազմակի հրթիռային համակարգի փորձարկմանը և սեպտեմբերին Չինաստան կատարած այցին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի զորահանդեսին։
Եթե Կիմ Չժու Էն մասնակցի կամ ստանա որևէ պաշտոն այս ամսվա վերջին կայանալիք Բանվորական կուսակցության համագումարին, ապա ժառանգության շուրջ խոսակցությունները կստանան նոր թափ։
