Աբրահամյան. Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները

Աբրահամյան. Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները

12 փետրվարի 2026 – 11:17 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՊՆ ամրացման շրջանների մանրամասն ցուցադրությանը,գրել է, որ հանուն նախընտրական արշավի՝ «հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը»:

«2 տարի առաջ մի քանի ընդդիմադիր պատգամավորներով գնացել էինք դրանց առաջին նմուշներին ծանոթանալու։ Հետ եկանք, համատեղ գրություն պատրաստեցինք՝ ներկայացնելով մեր արձանագրած դիտարկումները և բացթողումները։

Մեկը վերաբերում էր հակադիվերսիոն միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, որը կառույցի արտաքին մասում որոշակի նկատելի գործողություններ էր ենթադրում։

Ասացին՝ չենք անում, որ հակառակորդը չֆիքսի, որ այս վայրում ռազմական օբյեկտ կա։

Այդ բացատրությունը դեռ այդ ժամանակ շատ անլուրջ էր՝ հաշվի առնելով, որ հակառակորդից մի քանի կմ-ի վրա 2 տարի լայնածավալ աշխատանք էր տարվել և բնականաբար նրանց կողմից ֆիքսվել էր։ Իսկ հիմա՝ այս քարոզչական տեսանյութերի ֆոնին, առհասարակ, գործընթացը զավեշտի է վերածվել։

Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը` իմաստազրկելով գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը»,-ասվում է գրառման մեջ:

Leave a Comment