Հանուն նախընտրական արշավի հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը. պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քննադատել է իշխանություններից կողմից պաշտպանական կառույցները ցուցադրելը:

«Հանուն նախընտրական արշավի հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը` իմաստազրկելով գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը», – գրել է նա Ֆեյսբուքում:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր սահմանին կառուցված զինված ուժերի ամրացված շրջանների մասին՝ տեսանյութեր հրապարակելով: Բարձր լեռնային տարածքում գտնվող ամրացված տարածքներից մեկում նկարահանված տեսանյութում Պապիկյանը նշել էր, որ ամրացված շրջանը «փակ, երկաթբետոնյա համակարգ է՝ ծածկված նաև հողային շերտով»:

Ընդդիմադիր պատգամավորին ՊՆ ամրացման շրջանների դետալային ցուցադրումն ու դրանց ֆունկցիոնալ նշանակությունն ի լուր աշխարհի ներկայացնելը հիշեցրել է մի դրվագ:

«2 տարի առաջ մի քանի ընդդիմադիր պատգամավորներով գնացել էինք դրանց առաջին նմուշներին ծանոթանալու։ Հետ եկանք, համատեղ գրություն պատրաստեցինք՝ ներկայացնելով մեր արձանագրած դիտարկումները և բացթողումները։ Մեկը վերաբերում էր հակադիվերսիոն միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, որը կառույցի արտաքին մասում որոշակի նկատելի գործողություններ էր ենթադրում։ Ասացին՝ չենք անում, որ հակառակորդը չֆիքսի, որ այս վայրում ռազմական օբյեկտ կա», – պատմել է Աբրահամյանը։

Նրա համոզմամբ՝ այդ բացատրությունը դեռ այդ ժամանակ շատ անլուրջ էր՝ հաշվի առնելով, որ հակառակորդից մի քանի կմ-ի վրա 2 տարի լայնածավալ աշխատանք էր տարվել, և բնականաբար նրանց կողմից ֆիքսվել էր։ Իսկ հիմա, ըստ պատգամավորի, այս քարոզչական տեսանյութերի ֆոնին առհասարակ գործընթացը զավեշտի է վերածվել։

Leave a Comment