Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես միացել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման համար ստեղծված Խաղաղության խորհրդին, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
Նեթանյահուն ստորագրել է Խաղաղության խորհրդին միանալու փաստաթուղթը Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ։ Ստորագրումը տեղի է ունեցել վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել էին Գազայի հատվածում խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Խորհրդի կազմում է նաև Հայաստանը։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
