«Կարծում եմ՝ բոլոր ողջախոհ մարդիկ էլ հասկանում են, որ Միացյալ Նահագները Փաշինյանին աջակցություն է հայտնում ոչ թե նրա արտաքին տեսքի կամ հոգեկերտվածքի համար, այլ նրա վարած քաղաքականության, որը համահունչ է Նահանգների շահերին: Բայց, սա նաեւ խնդրի՝ կարծում եմ ընդհանուր կողմն է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի պարագայում հարցը թերեւս ավելի խորն է:
«Նրան աջակցում են այն պատճառով, որ նա այսօր ըստ էության գրեթե անպատկերացնելի աստիճանի խոցելի ֆիգուր է: Իսկ դա ամենահարմար «կարգավիճակն» է աշխարհաքաղաքական մրցակցության մասնակիցների համար, որովհետեւ յուրաքանչյուրը ունի այդ ֆիգուրի հանդեպ ազդեցության իր պատկերացումներն ու միջոցները:
Այո, իհարկե այս կամ այն խոշոր կենտրոն կարող է լինել շահագրգռված, որ նա գործի հենց բացառապես իր պատկերացումների համաձայն: Բայց, այստեղ էլ կա մի նրբություն: Այսօր համաշխարհային տուրբուլենտության միջավայրը մեծ հաշվով «փոփոխական» է դարձնում ցանկացած խոշորի պատկերացում: Խոսքն իհարկե մեծ ռազմավարական հայեցակարգերի մասին չէ, բայց ընթացիկ պատկերացումները բավականին լայն ճակատով ենթակա են փոփոխությունների՝ ըստ աշխարհաքաղաքական մրցակցության կամ պայմանավորվածությունների, ըստ սակարկությունների:
Հետեւաբար, առանցքայինը խոցելի, հետեւաբար կառավարելի ֆիգուրի պահանջարկն է, երբ ըստ անհրաժեշտության նրանից կփորձեն ստանալ տվյալ պահին պահանջվածը:
Հասկանալի է, որ այստեղ պատկերը բացարձակ չէ: Ի վերջո, Փաշինյանը չնայած այդ մեծ խոցելիությանը, ունի ներքին ու անգամ արտաքին մանեւրի որոշակի պաշար: Բայց, դա թե Հայաստանի դեպքում է հենց ինքը հասցրել պատմական նվազագույնի, թե նաեւ միջազգային չափումների սանդղակում»,-նշում է Հակոբ Բադալյանը։