Իլոն Մասկի Starlink գլոբալ կապի արբանյակային համակարգը խախտում է միջազգային իրավունքը և ջնջում է առևտրային և ռազմական տեխնոլոգիաների միջև սահմանը։ Այս մասին հայտարարել են իրանցի և ռուս դիվանագետները ՄԱԿ-ում կայացած հանդիպման ժամանակ․ հաղորդում է Bloomberg-ը։
Իրանի ներկայացուցիչները Վիեննայում ՄԱԿ-ի գիտական համաժողովում հայտարարել են, որ Starlink-ի «անօրինական գործունեությունը» երկրում խախտում է հանրապետության ինքնիշխանությունը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ներկայացուցիչները ենթադրել են, որ SpaceX-ի ցանցը կարող է խախտել 1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրը, որը վավերացվել է Միացյալ Նահանգների և ավելի քան 100 այլ երկրների կողմից։
«Մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող խոշոր արբանյակային ցանցերի առկայությունը, հավանաբար, չի համապատասխանում տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունությանը և տիեզերքի օգտագործմանը»,-ընդգծել են Ռուսաստանի ներկայացուցիչները։
