Եղոյան․ Երկաթուղու արդիականացման համար անհրաժեշտ է մինչև 300 մլն դոլար

Եղոյան․ Երկաթուղու արդիականացման համար անհրաժեշտ է մինչև 300 մլն դոլար

11 փետրվարի 2026 – 15:29 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ճեպազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 200-300 մլն դոլարի ներդրում։

«Այդ մի քանի կիլոմետր երկաթուղին պետք է հնարավորինս արագ վերականգնվի, որպեսզի կարողանանք աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին ու հարավին ենթակառուցվածք առաջարկել ապրանքափոխադրումների համար»,– ասել է պատգամավորը, հայտնում է Sputnik Արմենիան:

Եղոյանը ընդգծել է, որ վերակառուցման կարիք ունի Երասխի շրջանի 2-3 կիլոմետրանոց բացակայող երկաթուղային հատվածը, ինչպես նաև Ախուրիկի հատվածը, որն ավելի կարճ է։ Բացի այդ, նախատեսված է արդիականացնել ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ գործող երկաթուղային գիծը։

Նրա գնահատմամբ՝ արագության բարձրացման նպատակով հնարավոր է ռելսերի տակ տեղադրված փայտյա հենակները փոխարինել բետոնով։

«Այդ ամենի համար անհրաժեշտ է մոտավորապես 200-300 միլիոն դոլար»,-ասել է Եղոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման հարցին՝ նշելով, որ hայկական երկաթուղու ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում որոշակիորեն մեզ զրկում է մրցակցային առավելությունից:

«Միջազգային լարված համատեքստի պատճառով և այն հանգամանքի բերումով, որ ՀՀ սեփականություն հանդիսացող երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, մենք զգում ենք, որ այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որովհետև սա 1, 2, 3 կամ 4 տարվա հարց չէ։ Մենք պետք է լուծում գտնենք, և այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ»,- ասել է նա:

Leave a Comment