Խաչատրյան. Վաղարշապատում արդեն ավելի քան 10 ձերբակալված կա

Խաչատրյան. Վաղարշապատում արդեն ավելի քան 10 ձերբակալված կա

11 փետրվարի 2026 – 13:55 AMT

PanARMENIAN.Net – Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հրատապ ասուլիսում հայտարարել է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում վաղ առավոտից սկսված իրավապահ գործողությունների հետևանքով արդեն ավելի քան 10 քաղաքացի է ձերբակալվել։

«Ձերբակալվածների թիվն արդեն գերազանցում է տասը, բայց հստակ թիվ կդժվարանամ ասել, քանի որ ամեն րոպե այդ թիվը մեծանում է։ Կան մարդիկ, որ ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչու են հայտնվել թիրախում, քանի որ ո՛չ ակտիվ քարոզչություն են իրականացրել, ո՛չ մեր ցուցակում եղել են։ Որքան տեղյակ եմ խոսակցություններից, նրանք մեղադրվում են մարդկանց ուղղորդելու մեջ։ Հստակ մեղադրանքին չեմ տիրապետում, մեր փաստաբանները առանձին հանդես կգան հայտարարությամբ»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Խաչատրյանը նշել է, որ առկա իրավիճակն անհասկանալի է, քանի որ նման գործողություններ տեղի են ունենում Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրություններից շուրջ չորս-հինգ ամիս անց։

«Կարծում եմ՝ իշխանությունները վախենում են, երևի վախ չափողի մոտ պետք է գնան։ Երևի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էլ կապ ունեն։ Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել։ Ուզում են հասկացնել՝ ով ընդդիմադիր հայացք ունենա, ապա բռնաճնշումների է ենթարկվելու, ձերբակալվելու կամ կալանավորվելու է»,- ասել է Խաչատրյանը։

Նա բացառել է, որ իրենց թիմի անդամների կողմից որևէ ապօրինություն է իրականացվել՝ նշելով, որ իրավապահները փորձել են գործեր ձևակերպել, սակայն դրանք չհիմնավորված լինելու պատճառով չեն իրականացել։ Նրա համոզմամբ՝ իշխանությունները փորձում են պառակտում սերմանել իրենց թիմում և լռեցնել հակադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիների հարազատներին։

Քաղաքական գործիչը չի բացառել, որ կարող են լինել նաև կալանավորումներ կամ այլ սահմանափակող գործողություններ։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ավագանու անդամներ ձերբակալվածների թվում չկան, սակայն ձերբակալվել են նրանց ցուցակում ընդգրկված որոշ թեկնածուներ։ Նշվել է նաև, որ խուզարկությունների արդյունքում իրավապահները որևէ առարկայական ապացույց չեն հայտնաբերել։

Ըստ Խաչատրյանի՝ ձերբակալված անձինք այս պահին գտնվում են ինչպես ոստիկանության բաժանմունքներում, այնպես էլ քննչական մարմիններում։

Ավելի վաղ նա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ սկսվել են խուզարկություններ ու ձերբակալություններ ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիների նկատմամբ, այդ պահին խոսք էր գնում առնվազն 5 ձերբակալվածի մասին։

Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կայացել են 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցած ութ քաղաքական ուժերից երեքը՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք և «Մայր Հայաստան» դաշինք, հաղթահարել են անցողիկ շեմը։

Leave a Comment