2026-ին Երևանում և մարզերում կտեղադրվի 10 մամոգրաֆիկ սարքավորում

2026-ին Երևանում  և մարզերում  կտեղադրվի 10 մամոգրաֆիկ սարքավորում

11 փետրվարի 2026 – 13:22 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026 թվականին կապիտալ ներդրումների շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում կտեղադրվի 10 մամոգրաֆիկ սարքավորում։

Դա հնարավորություն կտա կանանց սքրինինգային հետազոտություններն անցնել իրենց բնակավայրերին առավել մոտ գտնվող բուժհաստատություններում, հայտնում է 1lurer.am-ը:

Նրա խոսքով՝ պետպատվերի և առողջության ապահովագրության շրջանակում այս տարի սքրինինգային ծրագրերը զգալիորեն ընդլայնվել են։

«Հայաստանում այսօր գործում են վերջին, լավագույն ստանդարտին համապատասխան, մարդու պապիլոմավիրուսի թեստավորման համակարգեր, որոնք տրամադրվում են կանանց տարիքային խմբի շրջանակներում: Սա, կարծում եմ, շատ մեծ ձեռքբերում է: Այն շատ ավելի պարզ է, շատ ավելի խնայող է, հեշտ է, և, վստահաբար, ավելի մեծ արդյունքներ է տալու արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում»,- ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականից Հայաստանում գործարկվել է նաև կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիր՝ միտված վաղ հայտնաբերման միջոցով հիվանդության կանխարգելմանը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։

Leave a Comment