Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք պետք է տեղի ունենան Ռուսաստանի հետ խաղաղության գործարքի վերաբերյալ հանրաքվեի հետ միասին նույն օրը, հայտնում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաների, ինչպես նաև իրավիճակին ծանոթ անձանց խոսքով՝ այդ քայլը կատարվում է Սպիտակ տան կողմից Կիևի վրա գործադրվող ճնշման ֆոնին՝ նպատակ ունենալով գարնանը ավարտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։
Նախապատրաստությունը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է երկու քվեարկություններն էլ անցկացնել մինչև մայիսի 15-ը։ Հակառակ դեպքում երկիրը կարող է կորցնել ԱՄՆ-ի առաջարկած անվտանգության երաշխիքները։
Աղբյուրները նաև նշում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի օրը։
Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նա և իր թիմը Թրամփի վարչակազմին հասկացնել են տվել, որ պատրաստ են չափազանց սեղմ ժամկետների՝ չնայած պատերազմի պայմաններում կարճ ժամանակում ընտրություններ անցկացնելու լոգիստիկ դժվարություններին։
Աշխատանքային ժամանակացույցի համաձայն՝ Գերագույն ռադան մարտ և ապրիլ ամիսներին կզբաղվի անհրաժեշտ իրավական փոփոխությունների կատարմամբ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։
Միևնույն ժամանակ FT-ն գրում է, որ ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները ընդգծել են՝ ո՛չ ժամանակացույցը, ո՛չ էլ ԱՄՆ-ի ուլտիմատումը, հավանաբար, չեն պահպանվի, քանի որ դրանք կախված են մի շարք գործոններից, այդ թվում՝ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագրում առաջընթաց գրանցելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ այս ծրագիրն «ընդգծում է Զելենսկու ձգտումը՝ առավելագույնի հասցնել իր վերընտրվելու հնարավորությունները՝ միաժամանակ Թրամփին հավաստիացնելով, որ Կիևը չի ձգձգում խաղաղության գործարքի ձեռքբերումը, եթե այդպիսին հնարավոր դառնա»։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել են որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։ Ռուսաստանի նախագահը Դոնբասն անվանել է Ռուսաստանի «պատմական տարածք», որը պատրաստ է վերադարձնել ռազմական կամ այլ միջոցներով։ Կիևը հրաժարվում է տարածքային զիջումների գնալ։
