Երեկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել էր Հայաստան։ Այցի ընթացքում փոխնախագահը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում նա անդրադարձ է կատարել խաղաղության գործընթացին, ընդգծելով՝ խաղաղությունն այժմ ստեղծվում է զգուշավոր մարդկանց կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր այժմ չափազանց կենտրոնացած չեն անցյալի վրա։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի այցը Հայաստան, և ի՞նչ հետևություններ կարելի է անել։
-Սա պատմական իրադարձություն էր Հայաստանի համար։ Մեր երկիրը հետզհետե դադարում է Ռուսաստանի գործիք լինել, այլ դառնում է տարածաշրջանային ինքնուրույն խաղացող, որը կարողանում է իր շահերը ձևակերպել և համադրել դրանք գերտերությունների ու, հատկապես, թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի շահերի հետ։ Սա նաև լավ հիմք է տարածաշրջանային գլոբալ ծրագրերում Հայաստանի ինտեգրման համար, որը ինքնին կարևոր է ոչ միայն Հայաստանի տնտեսական զարգացման, այլև՝ շահերի վրա հիմնված խաղաղության հարատևության համար։
-Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, ռազմական տեխնոլոգիաների վաճառքի և TRIPP նախաձեռնության համադրությունը կարելի՞ է դիտարկել որպես ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների նոր փուլի մեկնարկ։
-Այո, ու ոչ միայն, սա նաև բացում է դռները ներդրումների հոսքի առջև։ Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահը հատուկ շեշտադրեց, որ աշխարհի շատ երկրներ կուզեին ստանալ չիպերի արտադրությանը վերաբերող բարձր տեխնոլոգիաներ, սակայն քչերն են արժանանում այդ իրավունքին․ Հայաստանը ստանում է դրանք՝ իր և իր իշխանությունների հանդեպ ԱՄՆ-ի ունեցած վստահության շնորհիվ։ Պատահական չէր նաև, որ «Յություբ» ընկերությունը միացրեց Հայաստանի տարածքից իր սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերի մոնետիզացիան։
-Նա նաև անդրադարձել է խաղաղության գործընթացին՝ ասելով. «Իսկապես տեսանելի է, խաղաղությունն այժմ ստեղծվում է զգուշավոր մարդկանց կողմից»։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Իրականում, փոխնախագահ Վենսն ասաց՝ «խաղաղությունը չի կերտվում զգուշավոր մարդկանց կողմից», նկատի ունենալով, որ չափից դուրս զգուշավորությունը խաղաղարարության մեջ կարող է վնասել գործընթացին։
-Այս այցից և ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ի՞նչ կոնկրետ արձագանքներ կարող ենք ակնկալել տարածաշրջանի մյուս դերակատարներից։
-Այս այցը և ԱՄՆ-ի հետ Հայաստանի ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ աշխարհաքաղաքական ապտակ էին Կրեմլին և նրա արբանյակներին։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին նրանք հավաստիացնում բոլորին, որ Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ Ինչպես մեզ չէին տրամադրում անգամ վճարված զենքը։ Բայց Հայաստանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և սկսել ինքնուրույն քաղաքականություն վարել՝ հիմնված բացառապես սեփական շահերի, ոչ թե՝ Կրեմլի և Հայաստանում դրա 5-րդ շարասյան պահանջների կամ պարտադրանքների վրա։ Ու պարզվեց, որ երբ դու ձևակերպում ես սեփական շահերը և դրա հիման վրա հարաբերվում աշխարհի հետ, գտնվում են ուժային կենտրոններ, որոնց շահերը համընկնում են քո՝ արդեն երևակված, ձևակերպված շահերի հետ։ Այդ ընդհանրության հիմքով էլ դու գտնում ես նոր, շատ ավելի հզոր դաշնակիցներ։
Լիլիթ Աբրահամյան
