ՊԵԿ նախագահ․ TRIPP-ի դեպքում մաքսային ծառայությունը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերով

ՊԵԿ նախագահ․ TRIPP-ի դեպքում մաքսային ծառայությունը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերով

10 փետրվարի 2026 – 17:31 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ TRIPP-ի դեպքում մաքսային ծառայություն գործելու է, և քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։

«Այստեղ հիմա միակ առանձնահատկությունն այն բառերն են, որոնք հնչել են` «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս»։ Այս բառերը շատերի մոտ հարցեր են առաջացրել, սակայն դա էլ ոչ թե առանձնահատկություն է, այլ դա մաքսային ծառայության համար ապագա է»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Հակոբյանը տեղեկացրել է, որ որ ԱՄՆ–ի հետ համագործակցությամբ կենտրոն են հիմնելու, որը հնարավորություն է տալու խելացի ձևով մոնիտորինգ անել ցամաքային բոլոր անցակետերի ռենտգեն սարքերը։։

«Այսինքն` բեռն անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, և այդ համակարգը կա՛մ վերլուծողի, կա՛մ արհեստական բանականության միջոցով վերլուծելու է և թիրախներն է ընտրելու, թե ինչը պետք է զննի։ «Ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս» ասածներն այս տրամաբանությունն ունեն, որտեղ «բեք օֆիսը» ռիսկերի այդ համակարգն է»,– ասել է ՊԵԿ նախագահը։

Նրա գնահատմամբ՝ այս ամբողջ համակարգի նպատակը մարդկային շփումը նվազեցնելն է, ինչն էլ կհանգեցնի մաքսային ծառայությունների առավել օբյեկտիվ և թափանցիկ կազմակերպմանը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են 7 կետից բաղկացած հռչակագիր, որով նախատեսվում է ռազմավարական նշանակության տարանցիկ ճանապարհ կառուցել Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Թրամփի ուղի» (TRIPP)։ Այդ ճանապարհը հնարավորություն է տալու Ադրբեջանին առևտրային կապ հաստատել Նախիջևանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ ԱՄՆ ղեկավարության ներկայությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե Հայաստանը ոչ թե 99 տարով հող է տրամադրում ամերիկյան կողմին, այլ փոխանցում է կառուցապատման իրավունք։

Leave a Comment