Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը։
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
Հայր Զաքարիան նշում է. «Շնորհավոր տոնդ, հայ քահանա, որ անտրտունջ, սիրով և նվիրումով ծառայում ես Աստծուն և մեր սիրասուն ժողովրդին։
Այսօր սուրբ Ղևոնդյանց քահանաներ տոնն է, որոնք նահատակվեցին հանուն Քրիստոսի և մեր սրբազան հայրենիքի՝ հավատարիմ մնալով իրենց կոչմանն ու առաքելությանը։ Քահանա լինելը պատիվ է և հանձնառություն։ Ժամանակները փոխվել են, բայց չեն դադարել հոգևորականության դեմ զանազան հարձակումները։ Այսօր հոգևոր փորձություն են անցնում բոլորը՝ թե հոգևորականները, թե աշխարհականները։ Խնդրանքս է, որ շատ աղոթեք մեզ համար, որպեսզի լինենք մեր կարգի մեջ։
Եղեք եկեղեցու մեջ և հոգևորականների կողքին»։