Ամերիկյան Firebird-ը կմեկնարկի ՀՀ-ում ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլը

Ամերիկյան Firebird-ը  կմեկնարկի ՀՀ-ում ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլը

10 փետրվարի 2026 – 15:31 AMT

PanARMENIAN.NetFirebird ամերիկյան ընկերությունը հայտարարել է իր արհեստական բանականության գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզիան՝ 41,000 միավոր NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորներ մատակարարելու և վաճառելու համար Հայաստանում։

Այս ընդլայնումը Հայաստանը դասում է աշխարհում առկա հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերների շարքին։ Նախագծի ամբողջական արժեքը հասնում է 4 միլիարդ դոլարի՝ դարձնելով այն տեխնոլոգիական ոլորտում երկրի պատմության խոշորագույն կապիտալ ներդրումներից մեկը, հայտնում է Radar Armenia-ն:

Նախագծի մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունն արվել է Երևանում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանը և Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև NVIDIA-ի Omniverse և սիմուլյացիոն տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս նախագիծը ամրապնդում է օգոստոսի 8-ին ստորագրված հայ-ամերիկյան հուշագիրը կիսահաղորդիչների և ԱԲ ոլորտում։

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում ստորագրված հուշագիրը կյանքի կկոչի Firebird-ի մեգանախագիծը՝ Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ուղղությամբ: Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա մեզ հետագայում ևս զարգացնել և ամրապնդել փոխշահավետ գործընկերությունը հայկական և ամերիկյան ընկերությունների միջև»,– ասել է նա։

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է. «Այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության համար: Վարչապետը նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA-ի հետ կապված այս հրաշալի տեխնիկական համաձայնագիրը: Սա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար: Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում. դրանք այժմ զարգացվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են Հայաստանում՝ շնորհիվ վարչապետի առաջնորդության»։

ԱՄՆ-ի տրամադրած արտահանման լիցենզիան թույլ է տալիս Հայաստանին մատակարարել ամենավերջին սերնդի գրաֆիկական չիպեր՝ նախագծի ամբողջական համապատասխանությամբ ամերիկյան իրավական և տեխնիկական պահանջներին։

Մեգանախագծի առաջին փուլը հայտարարվել էր ավելի վաղ՝ 500 միլիոն դոլարի ներդրմամբ, որի հիմքով ստեղծվել է Հայաստանի առաջին բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային կենտրոնը։ Երկրորդ փուլով նախատեսվում է նախագծի ընդլայնում, որը հնարավորություն կտա իրականացնել հետազոտական աշխատանքներ կենսաբանության, ռոբոտաշինության, տիեզերական հետազոտությունների և ԱԲ-ի նոր սերնդի հավելվածների ոլորտներում։

Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանն ընդգծել է. «Firebird-ը համաշխարհային մակարդակով ընդլայնում է ԱՄՆ-ի առաջատար դիրքերը ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում՝ համահունչ մեր տեսլականին՝ ծառայեցնել ԱԲ-ն ի շահ բոլորի: Այս նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գերհամակարգչային համաշխարհային հանգույց՝ ցույց տալով, թե ինչպես ԱՄՆ վստահելի ենթակառուցվածքները կարող են հզորացնել զարգացող տնտեսությունները: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ և Հայաստանի կառավարություններին իրենց գործընկերության համար, որը հնարավորություն տվեց ամերիկյան տեխնոլոգիաներին գործել գլոբալ մասշտաբով»։

Նախագծի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակով մրցունակ, կայուն տեխնոլոգիական էկոհամակարգ Հայաստանում՝ հիմնված անվտանգության, գործընկերության և երկարաժամկետ տնտեսական արժեքի վրա։

Firebird-ի երկրորդ փուլի մեկնարկը ներկայացվում է որպես իրական օրինակ, թե ինչպես կարող է միջազգային համագործակցությունը՝ նորարարության և կարգավորող ճշգրտումների համադրությամբ, վերածվել ազգային նշանակության ռազմավարական նախագծի։

Leave a Comment