Կարապետյան․ ՀՀ քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում

Կարապետյան․ ՀՀ քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում

10 փետրվարի 2026 – 15:07 AMT

PanARMENIAN.Net – «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, արձագանքելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցին և հնչած հայտարարություններին, ասել է, որ ՀՀ քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում:

«Երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում։ Մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից։ Նրանք հայտարարությունով հանդես եկան։ Հայտարարության մեջ նա ներկայացրեց իր երկրի շահը, արեց հայտարարություն, որ մեր կառավարության թարգմանիչը հատուկ սխալ թարգմանեց»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ հայտարարության մեջ նշված 9 միլիարդ դոլարը ներկայացվել է որպես ներդրում, սակայն ըստ նրա՝ իրականում խոսքը գնում է պետական պարտքով ձեռքբերվելիք ատոմային մոդուլյար կայանի մասին։

Նա հրապարակել է Վենսի հայտարարության բնօրինակը, այն համեմատել թարգմանչի խոսքի հետ։

«Երբ համեմատում ենք, հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են մեզ ցանկանում վաճառել, հարգելի հայրենակիցներ։ ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի սարքավորումներ գնելը ներկայացվեց ներդրում։ Նա հատուկ սխալ է թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու է, ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ն, այլ ՀՀ քաղաքացիները։ Դա պետական պարտքին 9 մլրդ դոլարի ավելացում է»,-ասել է Կարապետյանը։

Նա հարց է հնչեցրել՝ իսկ գիտե՞ք՝ քանիատոմային մոդուլյար կայան է կառուցել ԱՄՆ-ն աշխարհում։

«0։ Փորձարկվում է մոդուլյար կայանը ատոմային էներգետիկայի մեջ Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է նա։

Կարապետյանի խոսքով, Չինաստանը Հայաստանին առաջարկել էր 2 անգամ ավելի էժան ատոմային կայան 2 անգամ ավելի մեծ հզորությամբ։

«Ես կարող եմ պատասխանատվությամբ ասել, քանի որ բանակցողներից մեկը ես էի։ Ուղղակի մի հատ նկարի համար, որպեսզի ԱՄՆ փոխնախագահի հետ նկարվի, մեր երկրի թույլ առաջնորդը զոհեց ևս մեկ շահ Հայաստանի, 9 մլրդ դոլարի պայմանագիր ներկայացրեց ԱՄՆ-ին, որպեսզի ունենա նկար և խաբի մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու»,-մանրամասնել է նա՝ գործարքը որակելով հուսավաճառություն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի ՎենսըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:

Leave a Comment