Անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն թույլատրել ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի զեկույցին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը հիշեցրել է, որ զինծառայողների հարազատնեը դեռևս 2025 թվականին պաշտոնական դիմում էին ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով հնարավորություն տալ ուսումնասիրել փաստաթուղթը, սակայն պատասխան չէին ստացել։
Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ քաղաքացիները չունեն պետական գաղտնիքի հասանելիության թույլտվություն, ինչը բացառում է փաստաթղթի տրամադրումը։
Խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ զեկույցին ծանոթ չէ նույնիսկ պատգամավորների մեծ մասը։
Հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին, լիազորություններն ավարտվել են 2023 թվականին։ Հանձնաժողովի գործունեությունը երկու անգամ երկարաձգվել է՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել է, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները «բազմազան և բազմաշերտ են»։
Զեկույցը ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղարկվել է միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին։ Հոկտեմբերի 1-ին Սիմոնյանը նշել է, որ չի տեսել զեկույցը ԱԺ նիստում ներկայացնելու իրավական հիմքեր։
