Վենսի ասածը բացարձակապես չի նշանակում այդքան փողի ներդրում Հայաստանում․ Հակոբ Բադալյան

10 Փետրվարի, 2026

ԱՄՆ փոխնախագահն ասում է, որ խաղաղ միջուկային ծրագրի գործակցության առաջին փուլում ԱՄՆ 5 միլիարդ դոլարի նյութեր, տեխնոլոգիա կարտահանի Հայաստան, իսկ երկրորդ փուլի համար կկնքվի մոտ 4 միլիարդ դոլար արժողության պայմանագրեր: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Դա բացարձակապես չի նշանակում այդքան փողի ներդրում Հայաստանում: Նույնիսկ մոտավորապես դա չի նշանակում:

Ի՞նչ է մատուցվում պաշտոնական պրոպագանդայի մակարդակով: Որ ԱՄՆ 5 միլիարդ դոլար է ներդնելու Հայաստանում առաջին փուլով, 4 միլիարդ էլ՝ երկրորդ փուլով:

Ի՞նչ է սա, եթե ոչ փոխնախագահ Վենսի խոսքի աղավաղում: Նա բացարձակապես չի խոսում Հայաստանում այդքան փող ներդնելու մասին:

Բայց ըստ երևույթին ամերիկյան կողմը չի շտապի ուղղել «թարգմանական սխալը», որովհետեւ Վենսը նաև շատ հստակ, իհարկե ոչ ուղղիղ խոսքով, բայց շատ թափանցիկ կերպով ասել է՝ որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի վերընտրությունն է:

Ավելին, գուցե մի քիչ հնչի դավադրապաշտական, բայց չեմ բացառի անգամ, որ թարգմանական սխալը բոլորովին պատահական կամ թյուրիմացաբար չէր, այլ ծրագրված: Մի կողմից Վենսը իր ուղիղ խոսքով որեւէ պատասխանատու բան չի ասում Հայաստանում միլիարդներ ներդնելու մասին, մյուս կողմից պաշտոնական պրոպագանդային տրվում է այն հայերեն տարբերակով ըստ հայեցողության պտտելու «իրավունք»:

Ի վերջո առաջին անգամը հո չէ, որ «պտտելու» են հայ հանրության գլուխը: Մի պտույտ ավելի, մի պտույտ պակաս, ինչ տարբերություն»,-գրել է նա:

Leave a Comment