ԱՄՆ-ն ՀՀ հետ միջուկային ծրագրով կարող է մինչև $9 մլրդ արտահանում իրականացնել տեխնոլոգիայի և հումքի տեսքով

ԱՄՆ-ն ՀՀ հետ միջուկային ծրագրով կարող է մինչև $9 մլրդ արտահանում իրականացնել տեխնոլոգիայի և հումքի տեսքով

10 փետրվարի 2026 – 10:22 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։

Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով, հայտնում է Արմենպրեսը:

«Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան և հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով:

Սա դասական փոխադարձ շահեկան տարբերակ է: Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և դա նաև, կարծում եմ, նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Դա նաև ստեղծելու է բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում:

Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Եվ կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու առումով։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- նշել է Վենսը։

Վենսը ՀՀ է ժամանել փետրվարի 9-ին կնոջ և երեխաների հետ: Երևանից նա կմեկնի Բաքու:

Leave a Comment