ԶԼՄ․ ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ

ԶԼՄ․ ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ

9 փետրվարի 2026 – 16:40 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Հայաստան և Ադրբեջան՝ ըստ Sputnik Արմենիայի հաշվարկների:

Տվյալների համաձայն, ինքնաթիռների մեծ մասը ժամանել են փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնավորապես, դիտարկումները ցույց են տվել, որ 12 ինքնաթիռ ուղևորվել է դեպի Հայաստան, իսկ 9-ը՝ Ադրբեջան։ Այդ ինքնաթիռները, հիմնականում, մեկնել են ամերիկյան ռազմաբազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում։

Գրեթե բոլոր թռիչքները կատարվել են Boeing C-17a Globemaster III ինքնաթիռներով, որոնք նախատեսված են մինչև 77․5 տոննա բեռ տեղափոխելու համար։ Բացի այդ, Երևան և Բաքու են թռել նաև Lockheed Martin MC-130J Commando II տիպի ինքնաթիռներ, որոնք նախատեսված են հատուկ գործողությունների ուժերի համար։ Ավելացնենք, որ ամերիկյան օդանավերը երկու չվերթ էլ իրականացրել են Վրաստանի ուղղությամբ։

Ինքը՝ Վենսը, Իտալիայում անցկացվող օլիմպիական խաղերին մեկնել է 14 ինքնաթիռից կազմված օդային նավատորմով։ Այնուամենայնիվ, Վենսի այցից առաջ դեպի Հայաստան և Ադրբեջան ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի նման ընդգծված ակտիվությունն առաջ է բերել քննարկումներ, հատկապես՝ Իրանի շուրջ լարվածության աճի և այդ երկրի սահմաններին ուժեր կենտրոնացնելու համատեքստում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։

Leave a Comment