9 փետրվարի 2026 – 14:55 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի նախաձեռնած «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» թեմայով բանաձևyմիաձայն ընդունվել է ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում: Այն ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը:
Բանաձևը կազմվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի համատեղ աշխատանքի արդյունքում։
ԱՀԿ անդամ պետությունների հետ կազմակերպված խորհրդակցությունների, ինչպես նաև մի շարք երկրների հետ իրականացված երկկողմ բանակցությունների շնորհիվ հնարավոր է դարձել նախագիծը ներկայացնել հաստատման՝ արդյունքում ապահովելով նրա միաձայն ընդունումը։
2026 թվականի մայիսին կայանալիք ԱՀԿ 79-րդ գլխավոր վեհաժողովում նախատեսվում է բանաձևի վերջնական հաստատումը բոլոր 194 անդամ պետությունների կողմից, որից հետո մեկնարկելու է դրանում նշված քայլերի իրականացումը՝ 2026–2028 թվականների համար մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա։
Այս բանաձևի ընդունումը մի կողմից հիմք է ստեղծում ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով մարդկանց բուժման և խնամքի հասանելիության բարելավման համար՝ ձևավորելով համակարգված ու համահունչ շրջանակ, մյուս կողմից՝ ընդգծում է Հայաստանի առողջապահական քաղաքականության կարևորությունը, բարձրացնում է երկրի դերը ԱՀԿ հարթակում, ամրապնդում է միջազգային համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև նպաստում է Հայաստանի ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը գլոբալ մակարդակում։