Ես չեմ կարծում, որ իրենց կյանքում դա որևէ բան փոխում է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի օգտագործում «Արցախից բռնի տեղահանված» ձևակերպումը՝ փոխարենն այդ մարդկանց անվանելով «տեղափոխված հայրենակիցներ»։
Հարցին՝ չպետք է արդյոք միջազգային հանրությանը հիշեցնել, որ էթնիկ հայերը բռնի տեղահանվել են Արցախից, նախարարը պատասխանեց՝ ցանկացած ոք կարող է իր իրավունքների համար քայլեր ձեռնարկել, իրենք որևէ մեկի իրավունքները չեն սահմանափակում, բայց կենտրոնացած են արցախահայերին Հայաստանի Հանրապետությունում ինտեգրելու, Հայաստանը նրանց մշտական հայրենիքը դարձնելու գործընթացների վրա։
Հարցին՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ ՀՀ իշխանությունը չպետք է բարձրացնի Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը, Թորոսյանը պատասխանեց՝ այդ հարցը միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ նաև ԱՄՆ գործող վարչակազմի, նախագահ Թրամպի հետ հանդիպումների ժամանակ։
«Այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները անպայման պետք է տեղի ունենան տեսախցիկների առաջ, և դա որևէ կերպ բան կփոխի Բաքվում գտնվող մեր հայրենակիցների կյանքում։ Նաև վերջին շրջանում հենց վարվող քաղաքականությունն է թույլ տվել նրանցից ոմանց տեղափոխել Երևան և այդ գործընթացը շարունակվելու է։
Ես ինքս անձամբ բազմիցս իմ տարբեր կարգավիճակներում ներկա եմ եղել նման հանդիպումների, անձամբ լսել եմ և ինքս էլ բարձրացրել եմ այդ հարցը մեր բոլոր երկրների բոլոր գործընկերների առաջ»,- ասաց նախարարը։