Հայաստանը կքննարկի ԱՄՆ-ի՝ Իրանի հետ առևտուր անող երկրների ապրանքների մաքսատուրքերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների ապրանքների նկատմամբ կիրառվող սակագնային քաղաքականությունը։ Պապոյանը լրագրողներին հայտնել է նաև, որ օրակարգում կան ավելի կարևոր հարցեր։

«Նախորդ տարի շուրջ 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել Միացյալ Նահանգներ և, բնականաբար, ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում»,- նշել է Պապոյանը՝ չմանրամասնելով, թե որ ապրանքների մասին է խոսքը։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի ատոմակայանի շուրջ հստակ պայմանավորվախություն չկա, սակայն կան տարբեր երկրերի հետ քննարկումներ։

«Հայաստանը կընտրի այն տարբերակը, որն իր պետական շահերին ամենահամահունչն է լինելու»,- պարզաբանել է Պապոյանը։

Նա նշել է, որ Վենսի այցի շրջանակում քննարկվող հարցերի շրջանակում հակաիրանական տարրեր չկան։

Leave a Comment