Արցախի թեմի առաջնորդը հանդիպում է խնդրել Վենսի հետ՝ 2 հարց է բարձրացնելու

Արցախի թեմի առաջնորդը հանդիպում է խնդրել Վենսի հետ՝ 2 հարց է բարձրացնելու

7 փետրվարի 2026 – 13:25 AMT

PanARMENIAN.Net – Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին` խնդրելով անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը մարդասիրական և հոգևոր նշանակության 2 հարցում` գերիների և անհետ կորածների, ինչպես նաև Ացախի ոչնչացվող մշակութային արժեքների։

Վրթանես սրբազանն իր պատրաստակամությունն է հայտնել հանդիպելու Վենսի կամ նրա պատվիրակության որևէ բարձրաստիճան անդամի հետ՝ անձամբ ներկայացնելու և քննարկելու իր առաջարկած քայլերը, որոնք կարող են կյանքի կոչվել առաջիկա ամիսներին։

Նամակում սրբազանն անդրադարձել է այն հայերի խնդրին, ովքեր, ապօրինաբար պահվում են Բաքվի բանտում՝ որպես պատանդներ՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի պաշտոնական հրադադարի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի ստորագրումից հետո։ Նա հիշեցրել է, որ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով կան բազմաթիվ անհետ կորածներ, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ, հայտնում է Sputnik Արմենիան:

Սրբազանը իր ուղերձում Վենսին հորդորել է, որպեսզի Միացյալ Նահանգները օգտագործի իր ազդեցությունը՝ աջակցելու հայ ռազմագերիների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների կամ նրանց մարմինների հայտնաբերման գործընթացներին։

«Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ»,– ընդգծել է Վրթանես սրբազանը։

Նամակի երկրորդ մասը նվիրված է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանը, որի նկատմամբ իրականացվում է համակարգված վանդալիզմ։ Նա ընդգծել է, որ ոչնչացվում են քրիստոնեական եկեղեցիներ, պատմական գերեզմաններ և մշակութային հուշարձաններ։

«Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈւՆԵՍԿՕ–ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիտորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին»,– ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։

Նա վստահություն է հայտնել, որ Վենսի ներկայությունը Հայաստանում կարող է դառնալ յուրահատուկ առիթ՝ նշված մարդասիրական խնդիրներին հնարավորինս արագ լուծումներ տալու համար։

Վրթանես եպիսկոպոսը այն 10 հոգևոր առաջնորդներից է, ովքեր պահանջել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը և աջակցություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարենորոգման նախաձեռնությանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը փետրվարի 9-ին կժամանի Երևան, իսկ հաջորդ օրը կմեկնի Բաքու։

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment