7 փետրվարի 2026 – 14:52 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ զինված ուժերում մինչ այս ծառայած գնդերեցներին, որոնց պաշտոնավարումն ավարտվել է փետրվարի 1-ից։
Կաթողիկոսը կատարել է հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:
«Նորին սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանն ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։
Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարի ընդունած վերջին կարգադրությամբ վերանայվել է բանակում հոգևոր ծառայության ձևաչափը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, արձագանքելով այն հարցին, թե արդյոք նախարարությունը գնդերեցներին առաջարկել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված եկեղեցու «բարենորոգման օրակարգին», ասել է, որ դա սուտ է և նման բան չկա: Նա նաև հայտարարել է, որ բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը:
Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարությունն առաջարկում է պաշտոններ՝ մայորի կոչում և 700 հազար դրամ աշխատավարձ այն հոգևորականներին, ովքեր, ըստ նրա, դրսևորում են ուրացում։