ԱՍՀՆ․ Աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին չի դադարեցվել՝ շուտով նոր ծրագրեր են մեկնարկելու

ԱՍՀՆ․ Աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին չի դադարեցվել՝ շուտով նոր ծրագրեր են մեկնարկելու

9 փետրվարի 2026 – 11:05 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար նախատեսված աջակցության ծրագրերը չեն դադարեցվել, շուտով մեկնարկելու են նորերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը:

Նա նշել է, որ շարունակվում է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է՝ մոտ 2 միլիարդ դոլար բյուջեով:

«Վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։

Այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները»,-գրել է նա:

Նրա խոսքով՝ պետական աջակցությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև ընդլայնվել է տարբեր ուղղություններով։

«Մասնավորապես`շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է՝ մոտ 2 միլիարդ դոլար բյուջեով։

Շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերին տրամադրվող 30,000 դրամ աջակցության միջոցառումը, որից օգտվում է 44000 անձ, կարիքավոր ընտանիքներին ուղղված հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շահառու ընտանիքների թիվը 6000 է. այս բոլոր ծրագրերի շրջանակում հայրենակիցները փաստացի և շարունակաբար ստանում են պետական աջակցություն՝ հակառակ ապատեղեկատվություն տարածողների պնդումներին։

Ավելին, շուտով կմեկնարկեն նաև վարձակալության երկարաժամկետ փոխհատուցման և հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված նոր ծրագրեր։

Ղարաբաղից տեղահանված մոտ 25,000 անձ ներկայումս ունի ֆորմալ զբաղվածություն։

Առհասարակ սոցիալական խնդիրների և աղքատության հաղթահարման հարցում պետության քաղաքականությունը հստակ է․ ճանապարհը մեկն է՝ աշխատանքը։ Պետությունը խրախուսում է աշխատանքը՝ որպես կյանքի դժվարին իրավիճակից դուրս գալու հիմնական միջոց, և հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը։

ԱՍՀ նախարարությունը տարբեր ձևաչափերով շարունակաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, լիարժեք տեղեկացված է նրանց հուզող խնդիրներից, իսկ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները մշակվում են՝ նաև հաշվի առնելով հայրենակիցների կարիքներն ու դիտարկումները»,-ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment