ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հայաստան այցի նախօրեին «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ է արել նրան միջամտել Հայաստանում և Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների իրավիճակին և նպաստել արցախահայերի անվտանգ վերադարձին։
Իր հայտարարության մեջ արքեպիսկոպոսը նշել է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերին, կայուն կարգավորումը անհնար է առանց հայ ժողովրդի և նրա հիմնական ինստիտուտների պահպանման։ Նրա խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր հարձակման տակ է, որ պաշտպանում է հայկական ինքնությունը։
Գալստանյանն ընդգծել է, որ տարածաշրջան կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում Վենսը կարող է նպաստել «իսկապես պատմական և երկարատև խաղաղության»՝ ապահովելով Երևանում և Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և ստանալով երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150.000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար՝ նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։
Արքեպիսկոպոսը մատնանշել է Հայ Առաքելական Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները և նշել, որ կառավարության գործողությունները նպատակ ունեն Եկեղեցուն ենթարկեցնել պետությանը և թուլացնել նրա դերը որպես հայկական ինքնությունը և արցախահայերի իրավունքները պաշտպանող ինստիտուտ։
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում եկեղեցին որակվում է որպես «խաղաղության խոչընդոտ», մինչդեռ 1700 տարի շարունակ այն մնացել է հայ ժողովրդի պահպանման և միասնության կարևոր գործոն։
