«Սա այլ բան չէ, քան պարզունակ քարոզչությունը»․ Հակոբ Բադալյան

«Սա այլ բան չէ, քան պարզունակ քարոզչությունը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում է, թե Երևանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին ու սպասում է պատասխանների, դա այլ բան չէ, քան պարզ քարոզչություն, իսկ գուցե նույնիսկ պարզունակ քարոզչություն:

Ի՞նչ հարցեր ՀԱՊԿ-ին, այն, որ տալիս էր Նիկոլ Փաշինյա՞նը, ասելով, թե «ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում»: Եվ պարզունակ քարոզչության սպառողական հանրությունը ծափահարում էր այդ խրոխտ հարցադրմանը:

Իսկ այդ ծափահարողները Նիկոլ Փաշինյանին այսօր հարցնո՞ւմ են, թե Երևանն ինչու է դրանից մեկ-երկու տարի անց կրկնում այն, ինչ ասում էր ՀԱՊԿ-ն 2022-ին և ինչի առնչությամբ էլ Երևանը «հարցեր ուներ» ՀԱՊԿ-ին:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը, որ 2022 թվականի երկօրյա պատերազմի հետևանքները կլուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացով:

Դու կարող ես ՀԱՊԿ-ին հարց ունենալ, եթե քո դիրքորոշումը տարբերվում է ՀԱՊԿ-ի դիրքորոշումից: Եթե դու եկել ես ՀԱՊԿ դիրքորոշման, ի՞նչ հարց կարող ես ունենալ, բացի այդ «հարցերի» մասին բարձրաձայն հայտարարությունները էլեկտորատի վրա «վաճառելը»:

Կրկնեմ այն, ինչ ասում եմ 2012-13 թվականներից՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ռազմա-քաղաքական դաշինք չէ և չի կարող լինել: Հայաստանի որևէ քաղաքական իշխանություն այդ կառույցը դե ֆակտո չի էլ ընկալել այդպիսին: Այդ կառույցը դիտարկվել է զուտ իբրև Ռուսաստանի հետխորհրդային քաղաքականության մեխանիզմ, որի հետ հարաբերվել են այնքանով, որքանով պետք էր Ռուսաստանի հետ կայուն հարաբերությանը և հարաբերության կառավարմանը չվնասելու, և հնարավորինս օգուտ քաղելու համար:

Այդ մեխանիզմը ներկայումս իր արդիականությունը զգալի կորցրել է հենց Ռուսաստանի համար, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական, աշխարհակարգային իրողությունների փոփոխությամբ: Ռուսաստանի նախագահն ինքն այսօր խոսում է Եվրասիական անվտանգության մեծ մեխանիզմի շուրջ քննարկումների անհրաժեշտության մասին:

ՀԱՊԿ-ը առավելագույնը կարող ժամանակի ընթացքում լինել այդ մեծ համակարգի ենթամեխանիզմի, այլ կերպ ասած՝ երկրորդային նշանակության միավորի կարգավիճակում: Եթե, իհարկե, հենց ինքը չտրանսֆորմացվի առավել ընդգրկուն կառույցի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment