«Շատ է թանկացել» և «առևտուր չկա». գնորդներն ու վաճառողները՝ ոսկու գների մասին

Ոսկու համաշխարհային գները նոր պատմական ռեկորդի են հասել՝ առաջին անգամ գերազանցելով 5000 դոլարը մեկ ունցիայի համար։ Հայաստանում մեկ գրամ ոսկին կարելի է գնել 55-60 հազար դրամով:

Այս տարի ոսկու գինը 27%-ով է թանկացել: Պատճառը աշխարհաքաղաքական անկայունությունն է: Ի դեպ, արծաթը ևս թանկացել է՝ այն գրանցել է բոլոր ժամանակների ամենաբարձր գինը՝ 120 դոլար՝ շուրջ 45 հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսին կարծիք էր հայտնել, որ եթե այլ բան չփոխվի թանկարժեք մետաղների գների աճի միտման մեջ, ապա դժվար թե ոսկու գները կտրուկ նվազեն։

Այս թանկացումները գնորդների և վաճառողների համար խնդիր են դառնում:

Armenia Today-ը Երևանում ոսկու վաճառողներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է սա ազդում առևտրի վրա, իսկ քաղաքացիներից, թե արդյոք այս պայմաններում նրանք շարունակո՞ւմ են ոսկի գնել:

Մեր նկարահանման պահին ոսկու շուկայում գնորդներ գրեթե չկային։

Մի քանիսի խոսքով էլ՝ ոսկու թանկացումը ազդել է նաև իրենց վրա։

«Անցյալ տարի էլ եմ գնել, այս տարի էլ, բայց բավականին բարձր է գինը»,- ասել է գնորդներից մեկը։

Ոսկու վաճառողները դժգոհել էին, որ ոսկու գնի կտրուկ թանկացումը ազդել է նաև առևտրի վրա։

«Ժամը 4-ն է, նույնիսկ հարցնող չի եղել։ Ընդհանրապես առևտուր չկա։ Գները լսում են, չեն գնում։ Արդեն չի արդարացնում այս գործը, օրերով առևտուր չի լինում, այն դեպքում, երբ ժամանակին սեղանների մոտ հերթ էր», – նշել է վաճառողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment