6 փետրվարի 2026 – 18:30 AMT
PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն փետրվարի 6-ին Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Գրոնոյին ընդունել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին:
Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը
Քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։