6 փետրվարի 2026 – 16:12 AMT
PanARMENIAN.Net – Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները հայտնել են, որ առաջիկա 4-5 ամիսը շարունակելու են աշխատել իրենց տաղավարներում։ Այդ մասին հայտնել է տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ այս որոշումն են իրենց հայտնել, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Տոնավաճառն այսօր արդեն բնականոն աշխատում է։ Սակայն հայտնել են, որ 4-5 ամիս հետո տոնավաճառը վերանորոգվելու է, որից հետո մոլերի ձևաչափով է լինելու։ Բայց խոստացել են, որ մեզ նույնպես կտրամադրեն տաղավարներ այդ տարածքում»,– ասել է աշխատակիցը։
Այնուամենայնիվ, ներկայիս վաճառականները, ցանկանալով մնալ վերանորոգված տարածքում, պետք է իրենց տաղավարների համար անուններ ընտրեն և գործեն խանութային սկզբունքով։
Փետրվարի 5-ին վաճառականները կազմակերպել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վերանորոգումից հետո կրկին հնարավորություն ստանալ իրենց տաղավարները շահագործելու, ինչպես նաև մեկ տարի ժամանակ՝ ներկրած ապրանքները իրացնելու համար։
«Ռոսիա» տոնավաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։