ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը. ամերիկացիները
պետք է դիտարկեն Հայաստան կամ Թուրքիա ցամաքային ճանապարհով Իրանը լքելու հնարավորությունը:
Այս մասին նախազգուշացրել է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։
«Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չի
լինի ԱՄՆ կառավարության օգնությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները
Իրանում ենթարկվում են ձերբակալման բարձր ռիսկի, և ամերիկյան անձնագիր կամ ԱՄՆ-ի հետ
կապեր ցուցադրելը ինքնին կարող է դառնալ կալանքի պատճառ։
«Եթե չեք կարողանում լքել տարածքը, փնտրեք անվտանգ
տեղ ձեր տան ներսում կամ այլ անվտանգ շենքում։ Վերցրեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ
անհրաժեշտ իրերի պաշար։ Խուսափեք երևալուց, ձեզ աննկատ պահեք և ուշադիր եղեք ձեր շրջապատի
նկատմամբ»,- նշվում է հրապարակման մեջ։
Դեսպանատունը շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական
կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ։