6 փետրվարի 2026 – 11:33 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, նրա Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցին ընդառաջ, կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը։
Նշվում է, որ շինծու դատավարությունների արդյունքում կայացվել են ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին:
«Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից:
Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի ընթացքում լինելու եք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման վրա:
Վերջերս նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս մարդասիրական խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Ցավոք, 19 քրիստոնյա հայեր դեռ շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական բանտում։
Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եզակի դերը խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության գործընթացին նպաստելու գործում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությունն անգնահատելի է նրանց վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Այս ընթացքում շարունակվել են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, որոնք վարվում են արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում: Շինծու դատավարությունների արդյունքում այսօր կայացվեցին ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին»,-ասվում է նամակում:
Նշվում է, որ քրիստոնյա հայ գերիների վերադարձի հարցը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:
«Ներկայիս ԱՄՆ վարչակազմը հետևողականորեն շեշտադրել է մարդու իրավունքների երաշխիքների կենտրոնական դերը: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել հալածյալ քրիստոնյաների պաշտպանության կարևորությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցում:
Այսօր, ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:
Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար: Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:
Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին»,-ասվում է բաց նամակում:
այն ստորագրել են․ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ, «Դիգնիթի» մարդասիրական ՀԿ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ, «Սոցիալական արդարություն» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ։
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։