6 փետրվարի 2026 – 11:06 AMT
PanARMENIAN.Net – ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Բաքվում հայերի դեմ կայացված «դատավճիռների» վերաբերյալ՝ նշելով, որ դրա նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում:
«Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։
Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կանխորոշված վճիռներով Ադրբեջանն ավելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին և ձեւական քայլերին, ՀՀ գործող իշխանությունների մեղսակցությամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը։
Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը և այդ պայքարի առաջնորդներին։
Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է և ինչի մասին «խաղաղության գործընթացը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված գերեվարված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։
«Առանց այդ պատանդների անհապաղ և առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։
Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։
Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապես ուժեղ հայրենի պետություն և ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանձնառու է և շարունակելու է այդ նպատակին միտված կազմակերպված ու նպատակասլաց պայքարը»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։