Ընտրություններին միջամտելու և ԵՄ-ից օգնություն խնդրելու կոչերը տարօրինակ են․ Լավրովը՝ Սիմոնյանի հետ հանդիպմանը

Մոսկվայի համար տարօրինակ է, երբ Երևանից Եվրոպական միությանը կոչ են անում «օգնել կանխել միջամտությունը» Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։

Այսպես Լավրովը մեկնաբանել է քննարկումները՝ կապված Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության թեմայի հետ։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ նման հայտարարությունները կրում են «բացահայտ սադրիչ բնույթ»։

«Երբ Երևանից Եվրոպական միությանը հղվում են կոչեր՝ «օգնեք մեզ կանխել նման միջամտությունը»՝ դա մեզ համար տարօրինակ է»,- ընդգծել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանն ունի իր ինքնիշխան ընտրությունը։ Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ»,- հայտարարել է նա։

Խոսելով հետխորհրդային տարածքում Եվրամիության ակտիվության մասին՝ դիվանագետը նշել է, որ եվրոպական կառույցները, նրա համոզմամբ, ավելի քան 20 տարի առաջնորդվում են «կամ մեզ հետ, կամ մեր դեմ» տրամաբանությամբ՝ տարածաշրջանի երկրներին կանգնեցնելով արհեստական ընտրության առաջ։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև հնարավոր ընտրությանը՝ Լավրովը շեշտել է, որ այդ որոշումը մնում է Հայաստանի վրա։

«Դա ձեր ընտրությունն է, մենք այն լիովին կհարգենք»,- հայտարարել է նա՝ միաժամանակ նշելով ԵԱՏՄ-ին մասնակցության սկզբունքների անհամատեղելիությունը ԵՄ նորմերի և ստանդարտների հետ։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո՝ 2015 թվականից սկսած, երկրի ՀՆԱ-ն աճել է՝ 10,5 մլրդ դոլարից հասնելով 26 մլրդ դոլարի։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և շահագրգռված է համագործակցության հետագա զարգացմամբ, այդ թվում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ։

Առանձին Լավրովը անդրադարձել է հումանիտար օրակարգին՝ հիշատակելով Նիկիտա Սիմոնյանի մասին «Ոսկե դուբլ» ֆիլմը, որը նա անվանել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միասնության խորհրդանիշ։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը 2025-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո՝ երկրի կայունության ամրապնդման և խաղաղությանն ուղղված նախագծերի աջակցման համար։ Կալասը նաև նշել էր, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանը «բախվում է Ռուսաստանի հետ կապված ապատեղեկատվական արշավների», որոնք, նրա խոսքով, նման են Մոլդովայում նախկինում արձանագրված դեպքերին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու որոշման ժամանակ պետք է հաշվի առնի միության փոփոխությունները, որը տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի:

Կարդացեք նաև՝ 

Ընտրություններին միջամտելու և ԵՄ-ից օգնություն խնդրելու կոչերը տարօրինակ են․ Լավրովը՝ Սիմոնյանի հետ հանդիպմանը

Leave a Comment