Դանիելյան․ ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է

Դանիելյան․ ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է

5 փետրվարի 2026 – 15:54 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ «ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է»:

«Այն մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենի վերաբերյալ։ Անչափ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա ապօրինաբար պահվում են անազատության մեջ»,-ասել է նա՝ նշելով, թե այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները դատապարտեն տեղի ունեցողը և չձևացնեն, թե չեն տեսնում Հայաստանում տիրող վիճակը։ Պատգամավորը ընդգծել է՝ կրկնակի չափանիշներով առաջնորդվելը անթույլատրելի է։

Նա նաև ասել է․ «Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին»:

Մի խումբ քաղաքացիներ, հոգևորականներ և ԱԺ պատգամավորներ ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց ի պաշտպանություն «քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների»՝ իրենց խոսքը ուղղելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որն այս պահին Հայաստանում է։

Leave a Comment