Կոմիտասը՝ սկանդինավյան սառնության մեջ. Շվեդիայում բնակվող հայ դաշնակահարուհու կյանքի և արվեստի պատմությունը. «Սփյուռքի ձայնը»

Երբեմն կյանքը գրում է սցենարներ, որոնք ավելի գեղեցիկ են, քան որևէ ֆիլմ։ Շվեդիայում բնակվող դաշնակահար և կոմպոզիտոր Կարին Գևորգյան-Հելմանի պատմությունը հենց այդպիսին է՝ լի սիրով, երաժշտությամբ և հայրենիքի հանդեպ անմար կարոտով: «Սփյուռքի ձայնը» հաղորդման շրջանակում նա պատմում է իր ճակատագրական հանդիպման, շվեդական զսպվածության և Կոմիտասին օտար բեմերում հնչեցնելու նրբությունների մասին:

Ինը տարվա նամակագրություն և հայոց պատմությանը ծանոթ շվեդը

Ամեն ինչ սկսվեց 1990-ականների սկզբին՝ Էստոնիայում։ Համերգից հետո Կարինին մոտեցավ մի երիտասարդ շվեդ, ով, ի զարմանս հայ դաշնակահարուհու, սկսեց թվարկել հայոց արքաներին՝ Սմբատին, Տրդատին, Տիգրանին։

«Նա ասաց, որ շատ է սիրում Հայաստանը և լավ գիտի մեր պատմությունը… Այդ զրույցները նամակագրությամբ շարունակվեցին ինը տարի։ Իմ մեջ ուժեղացավ ազգային զգացումը, քանի որ նա իր պատմական փաստարկներով ավելի խորն էր ճանաչում հայրենիքս, քան ես»,- հիշում է Կարինը։ Ինը տարի անց նամակագրությունը վերածվեց ամուսնության առաջարկի, և Կարինը տեղափոխվեց Շվեդիա՝ իր հետ տանելով հայկական երաժշտական ավանդույթները։

Էմոցիոնալ հայը՝ «մտածկոտ» Շվեդիայում

Տեղափոխվելով Ստոկհոլմ՝ Կարինը բախվեց մշակութային լուրջ տարբերությունների։ Եթե Հայաստանում էմոցիաները բաց են և անմիջական, ապա Շվեդիայում իշխում է պլանավորումն ու զսպվածությունը։

«Կհավատա՞ք, որ երեք ամիս մտածում են՝ վերջնական պատասխան տալու համար։ Չեն խոսում, մտածում են։ Իսկ մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք, միանգամից արտահայտում ենք մեր զգացմունքները։ Անգամ ժամանակ չունեն հատուկ բարևելու կամ գրկախառնվելու, ամբողջ օրը լարված աշխատում են»,— նշում է դաշնակահարուհին: Սակայն այս միջավայրում նա կարողացավ գտնել իր տեղը՝ աշխատելով օպերայում և կատարելագործվելով Զալցբուրգի ամառային ակադեմիայում:

Երաժշտական դիվանագիտություն. Կոմիտասը՝ շվեդական բեմում

Կարին Գևորգյանի մասնագիտական առաքելությունը դարձավ հայկական երաժշտության՝ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի գործերի ներկայացումը օտար հանդիսատեսին։ Նա ընդգծում է, որ դա պետք է անել զգուշորեն. «Այդ երկրում ընդունված չէ գալ ու միանգամից շեշտել «մենք»-ը։ Պետք է սպասես, մինչև իրենք ցանկանան լսել։ Պետք է կարողանաս ներկայացնել համաշխարհային մակարդակով, որպեսզի դա հաճելի և ընկալելի լինի նրանց համար»։

2017 թվականին Ստոկհոլմում կայացած երաժշտական կոնգրեսի ժամանակ Կարինը ներկայացրեց Կոմիտասին: Ամենահուզիչ պահերից մեկը դարձավ շվեդ երգչի կատարումը. թեև հայերենը մի փոքր կոտրտված էր, բայց հնչում էր շատ հոգեհարազատ։

«Մենք էլ պետք է մոմ վառենք…»

Չնայած տարիներին և հեռավորությանը, Կարինի ընտանիքը շնչում է հայկականությամբ: Նրա ամուսինը՝ շվեդ պատմաբանը, ոչ միայն գիտեր հայոց թագավորներին, այլև կարդացել էր Նժդեհ:

«90-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ Հայաստանում լույսը վառում էին միայն ժամով, ամուսինս ասում էր․ «Մենք էլ պետք է մոմ վառենք, որ Հայաստանը զգա՝ մենակ չէ…»»,- հուզմունքով պատմում է Կարինը: Այսօր նրանց երեխաները խոսում են հայերեն, իսկ դուստրը նույնիսկ երազում է ապրել Հայաստանում։

Leave a Comment