ՄԻՊ-ը՝ ոստիկանի մասնակցությամբ միջադեպի մասին․ Կարևորում եմ, որ գործերի քննության անհապաղությունը հաշվի առնվի

ՄԻՊ-ը՝ ոստիկանի մասնակցությամբ միջադեպի մասին․ Կարևորում եմ, որ գործերի քննության անհապաղությունը հաշվի առնվի

5 փետրվարի 2026 – 16:26 AMT

PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն, անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ոստիկանը քաղաքացու նկատմամբ կիրառում է բռնի ուժ և օգտագործում հայհոյանքներ՝ փորձելով ցուցմունք կորզել, հայտարարել է, որ դեպքը մտահոգիչ է:

Նա կարևորում եմ, որ նման գործերի քննության անհապաղությունը հաշվի առնվի, հայտնում է 1lurer.am-ը:

«Տեսանյութի տարածումից անմիջապես հետո հանձնարարել եմ աշխատակազմին՝ դիմել իրավասու պետական մարմիններին՝ քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով: Ամենամեծ խնդիրներից մեկը ոչ այնքան վարույթի նախաձեռնման ժամկետներն են, որքան գործերի քննության առումով խնդիրները: Գործերից շատերով քննությունը անհապաղ չի իրականացվում:

Բնականաբար, ապացույցների և այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ են առաջանում: Այս առումով շատ կարևորում եմ, որ իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն»,- ասել է Մանասյանը։

ՄԻՊ գրասենյակից նշել են, որ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո՝ փետրվարի 3-ին, Մանասյանի հանձնարարությամբ արդեն սկսվել է դեպքի ուսումնասիրությունը։

Տեսանյութի առնչությամբ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ դեպքը գտնվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ուսումնասիրության շրջանակում։ Տեսանյութում պատկերված ոստիկանության ծառայողի լիազորությունները կասեցվել են։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ նաև համապատասխան հաղորդում է ներկայացվել։

Leave a Comment