Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվել է. Վարույթը խոշտանգման հատկանիշներով է

Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվել է. Վարույթը խոշտանգման հատկանիշներով է

5 փետրվարի 2026 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքացուն հարվածած ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի դեմ պաշտոնական քրեական հետապնդում է սկսվել՝ խոշտանգման գործով։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

«04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ոստիկանության ծառայողի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»,-հայտնել են դատախազությունից:

Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել:

«Առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով հոդվածի հատկանիշներով: Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնել են ՔԿ-ից:

Տեսանյութի տարածվելուց հետո երեք օր անց է միայն սկսվել քրեական վարույթը։ Այս ուշացումը անհանգստացրել է մի շարք իրավապաշտպանների, որոնք մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ այդ ընթացքում ոստիկանը կարող էր ազդել վկաների վրա։

Դեպքը մեծ արձագանք է ստացել փետրվարի 3-ին՝ լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեսանյութից հետո, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանության աշխատակիցը հարվածում քաղաքացուն, նվաստացնում ու հայհոյում՝ փորձելով ցուցմունք կորզել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ բռնության դեպքը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերին, սակայն տեսագրությունն ի հայտ է եկել միայն վերջին օրերին։ Այս պահին իրավապահները հրաժարվում են հրապարակել այն անձի ինքնությունը, ով լուսանկարել ու տարածել է խոշտանգման կադրերը։

Leave a Comment