Նախագիծ․ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն

Նախագիծ․ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն

5 փետրվարի 2026 – 16:17 AMT

PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հաստատման հարցը՝ առաջարկելով կարգավորումներ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունների նպատակներն են բիզնես միջավայրի բարելավումը և հնարավոր վարչական վեճերից խուսափելը, որոնք հաճախ առաջանում են հարկ վճարողների մոտ տարբեր գործարքների ճշգրտման և հաշվետվությունների ներկայացման ժամանակ։

Փոփոխություններն ուղղված են մի շարք ոլորտների պարզեցմանն ու ճշգրտմանը՝ ներառյալ ԱԱՀ-ի և ՀԴՄ կտրոններով վերադարձի գործընթացները, ԵԱՏՄ ներմուծումները, գյուղատնտեսությունն ու կաթնամթերքի շուկան, ինչպես նաև արևային էներգիայի արտադրությունը, հայտնում է 1lurer.am-ը:

ԱԱՀ-ի մասով կարգավորումը վերաբերում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, դրանք ապրանքների վերադարձին առնչվող կարգավորումներն են: Առաջակվում է կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը: Ներկայումս ճշգրտվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձի մասով հարցերը. խոսքը հանրային սննդի մասին է:

«Մենք հնարավորություն ենք ստեղծում Հարկային օրենսգրքում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա»,- ասել է Հակոբյանը:

Մեկ այլ կարգավորմամբ կանոնակարգվում են ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքների վերադարձի մասով գործարքները, դրանց ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը:

«Ներկայումս ճշգրտելու հաշվետու ժամանակաշրջանն արտացոլվում է միայն հարկային հաշիվներով նվազեցնելու դեպքում: Մենք ի՞նչ ենք անում, ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ վերադարձ է տեղի ունենում, հարկ վճարողը ստիպված է գնալ հետ, համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով: Այս կարգավորումը հնարավորություն է տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն՝ վերադարձը դարձնում ենք գործարքի առաձին տեսակ՝ վաճառքից առանձին»,- ասել է նա:

Արևային էներգետիկայի ոլորտին առնչվող փոփոխությունը վերաբերում է հատկապես ինքնավար արտադրողներին. խոսքը մինչև 150 կիլովատտ էներգիա արտադրելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքների մասին է:

«Ներկայումս էներգիայի ավելցուկի մասով շահութահարկ չի վճարվում, բայց տարբեր սուբյեկտներին հնարավորություն չի տրվում, որպեսզի ծախսերը նվազեցնեն շահութահարկի հաշվարկներով, բայց մենք այդ հնարավորությունը ընձեռում ենք, ինչը խթանելու է արևային էներգիայի տարածումը ՀՀ-ում»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Leave a Comment