Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների չեղարկման մասին տեղեկությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը փետրվարի 6-ին Օմանում։ բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

«ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը՝ մոտավորապես ժամը 10:00-ին, Մասկատում», – գրել է Արաղչին X-ում։

Axios-ը հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ օրը, ինչպես պնդել էր Իրանը, չնայած ԱՄՆ-ն սկզբում մերժել էր Թեհրանի առաջարկած վայրի փոփոխությունը, որը սկզբնապես նախատեսված էր Ստամբուլում։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը համաձայնել է Իրանի առաջարկին՝ Օմանում բանակցություններ վարելու վերաբերյալ, երբ առնվազն ինը տարածաշրջանային երկրներ ամենաբարձր մակարդակներով դիմել են Սպիտակ տանը՝ կոչ անելով չչեղարկել հանդիպումը։

«Նրանք խնդրել են մեզ հանդիպել և լսել, թե ինչ ունեն ասելու իրանցիները։ Մենք արաբներին ասել ենք, որ հանդիպում կանցկացնենք, եթե նրանք պնդեն։ Բայց մենք շատ կասկածամիտ ենք», – պորտալը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքը։

Երկրորդ աղբյուրը նշել է, որ Թրամփի վարչակազմը համաձայնել է անցկացնել հանդիպումը՝ «տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ հարգանք ցուցաբերելու» և «դիվանագիտական ​​​​ուղով շարժվելու համար»։ Կողմերի միջև անհամաձայնությունները վերաբերում են ոչ միայն բանակցությունների վայրին, այլև դրանց օրակարգին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև էական բանակցությունները, միջուկային հարցից բացի, պետք է ներառեն նաև Իրանի հրթիռային ծրագիրը, Թեհրանի աջակցությունը Մերձավոր Արևելքի խմբավորումներին և «սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը»։ Իրանական կողմը պնդում է, որ բանակցությունների ժամանակ կքննարկեն միայն Թեհրանի միջուկային ծրագիրը։

Իրանում իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին ազգային արժույթի արագ արժեզրկման պատճառով զանգվածային բողոքի ցույցերի ալիքից հետո: ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի վրա հարձակվելու հնարավորության մասին: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտարարել էր, որ իր երկրի դեմ ԱՄՆ-ի նոր ագրեսիան կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության:

Leave a Comment