Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը Արցախի նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին ներկայացրել են Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցում էին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները, կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը ևՊետեր Ֆուխսը, ինչպես նաև ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։
Դանիելյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար տարվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձել ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։
Նա Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրել է Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնել Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։
Նշվում է, որ ներկաները տեսակետներ են փոխանակել երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։
