Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի կապակցությամբ։
Թուրքիայի առաջնորդն այս հայտարարությունն արել է մրցանակակիրներին ուղղված տեսաուղերձում։
«Ես կցանկանայի հատկապես ընդգծել, որ չափազանց կարևոր եմ համարում ինչպես եղբորս՝ Իլհամ Ալիևի կողմից երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված վճռական կամքը։
Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով, որի նպատակներն ու ձևաչափը համաձայնեցված են երկու կողմերի միջև, Կովկասի համար նոր էջ կբացվի։ Թուրքիան անկեղծորեն աջակցում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նա։
