Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։ Նշվում է, որ Արամ Ա․ Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հոգևոր-մշակութային կոթողների անվտանգ պահպանման հրատապ հարցերի վրա՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։ Նամակում Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն շեշտում է թե՛ ռազմագերիների ազատ արձակման, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Վեհափառ Հայրապետի նամակն արդեն հասել է ԱՄն փոխնախագահին։