Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիա կատարած այցի շրջանակներում մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին:
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև էներգետիկայի, ռազմարդյունաբերության, ներդրումների, առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության թեմաների շուրջ:
Թուրքիայի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանը զրուցակցին տեղեկացրել է, որ իրենք վճռական են Սաուդիան Արաբիայի հետ հարաբերոթյուններն էլ ավելի խորացնել՝ մի շարք ոլորտներում իրականացվելիք նոր քայլերով, մասնավորապես, վերականգնվող էներգիայի և ռազմարդյունաբերության ոլորտներում:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը խոսել է Պաղեստինի Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին հնարավորրինս շուտ վերջ տալու համար ջանքերի մեծացման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Պաղեստինում կայուն խաղաղության հաստատման և Գազայի վերականգման համար:
Էրդողանը նաև խոսել է Սիրիայի մասին՝ համոզմունք հայտնելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար է շահավետ: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան մի շարք ոլորտներում շարունակում է աջակցել Սիրիայի կայունությանը և, որ իրենք Սիրիայի վերականգման համար Սաուդիան Արաբիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տանելու:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Յեմենում առկա իրավիճակի և Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Հանդիպման ավարտից հետո երկու երկրների միջև ստորագրվել է 4 համաձայնագիր և հրապարակվել համատեղ հայտարարություն:
Ermenihaber