Տնտեսական կապերը փոխադարձ վստահություն են առաջացնում. քաղաքագետ

Տնտեսական կապերը փոխադարձ վստահություն են առաջացնում. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը: 

Radar Armenia-ն հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարևոր է համարում նրանց հանդիպումը, նշելով՝ մեծաթիվ կուտակված հարցեր կան քննարկելու։

-Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը, որի ժամանակ խոսել են տնտեսական կապերից։ 

– Մեծաթիվ կուտակված հարցեր կան քննարկելու։ Տնտեսական կապերը հանդիսանում են կարևոր փոխադարձ վստահության մեխանիզմ, որ թույլ կտալիս նվազեցնել ռիսկերը, բայց ոչ՝ չեղարկել դրանք կամ հաղթահարել։ Ինչքան մեծ են հայ-ադրբեջանական տնտեսական, էներգետիկ և առևտրային կապերը, այնքան ավելի ենք հեռանում բախումների հնարավորությունից և մոտենում լիարժեք խաղաղությանը։

Ես, արդեն տևական ժամանակ, առաջարկում եմ ստեղծել առանձին տնտեսական բանակցային տրեկ, որը կզբաղվի բացառապես տնտեսական և առևտրային հարաբերություններով։ Գիտեք, որ արդեն գործում են, օրինակ, սահմանազատման/սահմանագծման, կոմունիկացիաների ապաշրջափակման և քաղաքական չբանակցային տրեկներ։ Ուրեմն, կարծում եմ՝ հասունացել է նաև տնտեսական տրեկի ստեղծման անհրաժեշտությունը։ 

-Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ առօրյայում ականատես կլինեն խաղաղության իրական օգուտներին։ Հանրային տրամադրությունների փոփոխություններ, ըստ Ձեզ, ե՞րբ կլինի։

-Շատ կարևոր է, որ երկու ղեկավարներն անդրադարձել են քաղհասարակության փոխայցելությունների հարցին։ Կողմերը նշել են, որ երկու հասարակությունները կլինեն ականատես և կկարողանան մասնակցել այս գործընթացին, ինչը նույնպես կարևոր է։

Ինչ վերաբերում է խաղաղության իրական օգուտների արտահայտմանը առօրյայում և հանրային տրամադրությունների փոփոխությանը, պետք է նշել, որ դա շարունակական, ընթացիկ գործընթաց է, որն, իմ կարծիքով, կարող է տևել տասնամյակներ։

Նույնիսկ այն դեպքում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի, դա դեռ չի նշանակում, որ հասարակությունները միմյանց նկատմամբ ունեցած ներկայիս վերաբերմունքը անմիջապես կփոխեն։ Դա երկարաժամկետ աշխատանք է:

Իրական խաղաղաշինությունը մեր երկրների միջև սկսվելու է հենց պայմանագրի ստորագրումից հետո, և այստեղ հասարակությունը, հատկապես՝ քաղհասարակությունը, ունի անկյունաքարային նշանակություն։ 

Լաուրա Հարությունյան

Leave a Comment