4 փետրվարի 2026 – 18:34 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղցկեղի դեպքերի առնվազն 40-60 տոկոսը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ՝ ամբողջությամբ բուժել, եթե հիվանդությունն ախտորոշվել է վաղ փուլում։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ ամենաարդյունավետ միջոցը սքրինինգային ծրագրերն են։
«Քաղցկեղի դեմ պայքարի օրն է․․․Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու.
- կրծքագեղձի քաղցկեղը,
- արգանդի պարանոցի քաղցկեղը,
- կոլոռեկտալ քաղցկեղը:»
Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։»
Միևնույն ժամանակ, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առանց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հնարավոր չէր լիարժեք պայքար քաղցկեղի դեմ։
«Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն է Հայաստանի բնակչության համար:
Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով:
2024 թվականի տվյալներով` առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:
Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով պացիենտների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:
Ավելին, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով` տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում»,-ասվում է գրառման մեջ: