ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հանցավոր խմբի 10 անդամի ձերբակալության մասին։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, ավազակության, խուլիգանության և թմրամիջոցների իրացման հատկանիշներով։
Ըստ ՆԳՆ-ի՝ կասկածյալների բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենքեր և արգելված նյութեր։
Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր խմբավորում ստեղծելու համար, որն ապօրինի զենք-զինամթերքի կիրառմամբ իրականացրել է մի շարք ծանր հանցագործություններ։
Գերատեսչության վարկածով՝ խմբի անդամները ներգրավված էին սպանությունների նախապատրաստման, ինչպես նաև ավազակային հարձակումների և բնակարանային գողությունների մեջ։
Քննության տվյալներով՝ կասկածյալները միջամտել են քաղաքացիների միջանձնային ու ֆինանսական վեճերին՝ հարցերը լուծելու նպատակով դիմելով քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց։
Բացի այդ, ՆԳՆ-ում պնդում են, որ նրանք մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների հավաքներին ու գործողություններին։ Կատարվում է նախաքննություն։
